Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նկարիչների միության շրջադարձային համագումարն ու երիտասարդ նախագահը

Նկարիչների միության շրջադարձային համագումարն ու երիտասարդ նախագահը
18.12.2018 | 02:22

Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի: Միության 19-րդ համագումարը տեղի ունեցավ Կինոյի տանը: Նկարիչների միության անդամները 1000-ից ավելի են, Հայաստանում են նրանցից մոտ 700-ը, համագումարին մասնակցում էին 351-ը: Նախագահի թեկնածուներն էին Կարեն Աղամյանը, Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը և Հաղթանակ Շահումյանը (նա ինքնաբացարկ հայտարարեց): 351 մասնակիցներից 60-ը ընտրեցին Խաչիկ Աբրահամյանին, 82-ը` Կարեն Աղամյանին: Միության նախագահ ընտրվեց Սուրեն Սաֆարյանը` ստանալով 193 ձայն:


1998-ից շուրջ երկու տասնամյակ միությունը ղեկավարում էր Կարեն Աղամյանը: Նրա՝ նորից առաջադրվելը միանշանակ չընդունվեց, իսկ համագումարը վարելու համառությունը աղմուկի պատճառ դարձավ: Աղամյանը հորդորում էր՝ չաղմկել ու համերաշխ լինել, հիշեցնելով, որ եկել են բարի գործի համար, սակայն, ի վերջո ենթարկվեց ճնշմանն ու տեղ զբաղեցրեց միության անդամների շարքում: Նախկին նախագահի կարծիքով` աղմկում են մի խումբ նկարիչներ, մի այդպիսի խումբ էլ դատական հայց էր ներկայացրել իր դեմ: Ցավում էր, որ նրանց կողքին կանգնեցին երիտասարդները: Դատական գործում 30 ստորագրություն է եղել, Աղամյանը համոզված է՝ նրանց մի մասը խաբված է եղել. բանիմաց մարդիկ են, բայց ընտրած ճանապարհը ճիշտ չէ: Այս ամառ պահանջել են իր հրաժարականը, մինչդեռ կցանկանար լսել կարծիքներ` ինչպես շարժվել առաջ:


Նկարիչների միության անդամ Վահան Գալստյանը (երկրորդ մասնագիտությամբ` իրավաբան) պարզաբանեց, որ նկարիչների միության կանոնադրության համաձայն` նախագահը պետք է ղեկավարի չորս տարի ժամկետով, հետևաբար 2017-ի դեկտեմբերին պետք է կազմակերպվեր համագումար, և նոր ընտրություններ անցկացվեին: Իրենք պահանջել են հրաժարական՝ ոչ թե ունենալով միության 1/3-ի ստորագրությունները, այլ առաջարկել են, որ Աղամյանը հրաժարական տա, ու հարցն այդ ձևով լուծվի, քանի որ 2017-ից սկսած Աղամյանի պաշտոնավարումն ապօրինի է եղել:


Քանդակագործ, նկարիչ Արմեն Աթանյանի կարծիքով` շատ խնդիրներ ու խախտումներ չէին լինի, եթե իրենք ՀԿ-ների «օրենքի տակ չլինեին», ինչը սահմանափակում է միությունների աշխատանքը: Նկարիչն ինքը 2003-ից պայքարել է, որ չլուծարվեն: Նշեց, որ ստեղծագործական միությունների մասին օրենք կա, բայց նախկինում Ազգային ժողովը ծալեց դրեց այն մի կողմ, իսկ թե նոր կառավարությունն ինչ կանի, հայտնի չէ: Խնդիրը սոցիալական կողմ էլ ունի. մարդիկ մեծանում են, շատերը ոչ մի տեղ չեն աշխատում, թոշակ են ստանալու: 30-40 տարվա ավանդ ունեն, բայց ոչ մի բան չունեն, բանկից վարկ վերցնել չեն կարող, որովհետև աշխատավարձ չեն ստանում: Բոլոր այդ հարցերը պետք է լինեն օրենքի կենտրոնում: Արմեն Աթանյանը վստահ է, որ անհնար ոչինչ չկա, օրինակ բերեց ճարտարպետների միությունը, որն իր առանձին օրենքի նախագիծն ունի Ազգային ժողովում: Առաջարկեց արտահերթ նիստ գումարել՝ այդ հարցը քննարկելու համար:
Եղան նաև այլ ելույթներ, առաջարկներ:
Նորանշանակ երիտասարդ նախագահ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆԸ իր խոսքում նշեց, որ նկարիչների միությունը նոր փուլ է սկսում, մեկ ընտանիքի պես պետք է կարողանան կառավարել ու ծաղկեցնել վաղվա օրը:


Սուրեն Սաֆարյանը արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Սաֆարյանի որդին է, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սուրեն Սաֆարյանի թոռը, Հայաստանի վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանի ծոռը։ 2010-ից Հայաստանի նկարիչների միության երիտասարդական միավորման համանախագահն է, 2013-ից՝ Հայաստանի նկարիչների միության վարչության անդամ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4734

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ